РУС | ENG

Նորություններ /

Եթե ուզում եք նիհարել` կաթ խմեք

Եթե ուզում եք նիհարել` կաթ խմեք

2015-05-22

Դուք անհանգստացած եք, որովհետև ավելորդ քաշ եք հավաքել, չեք կարող զսպել ուտելու ցանկությունը և կրկին գիրացել եք: Հնարավոր է, որ ձեր օրգանիզմը կալցիումի պահանջ ունի:

Կալցիումը դպրոցական կավիճ կամ շինարարական ծեփոն, կամ ատամի մածուկ չէ: Քիմիական այս տարրը անհրաժեշտ է մարդու ոսկրերի, ատամների, եղունգների համար: Այն նաև աղիքներում խոլեստերինը կապելու և հավելյալ թթուները չեզոքացնելու հատկություն ունի: Բժիշկները երեխաներին, հղի կանանց ու տարեց մարդկանց որոշակի քանակով կալցիում են նշանակում: Առաջիններին այն անհրաժեշտ է օրգանիզմի աճի, երկրորդներին` առողջ սերունդ ունենալու համար, իսկ տարեցներին այն պետք է, քանի որ տարիքային փոփոխություններն ու օգտագործվող բազմաթիվ դեղերը նպաստում են օրգանիզմից կալցիումն ավելի ինտենսիվ դուրս մղելուն:

Թեև տարօրինակ է, սակայն մեծահասակների համար կալցիումի օգտագործման նորմերը տարբեր են, խորհուրդ է տրվում օգտագործել օրական 800-1200 մգ կալցիում, որը պարունակում է կաթնամթերքը: Մեզանից շատերն այն ընդունում են 600 մգ-ից ոչ ավելի, իսկ ովքեր կաթնամթերք չեն սիրում` տառապում են կալցիումի պակասով: Սա բերում է ոչ միայն եղունգների փխրունությանն ու ատամների քայքայմանը, այլև մարմնի քաշի ավելացմանը:

Կանադայի Լավալի համալսարանի դիետոլոգ Անժելո Թրեմբլիի կատարած հերթական գիտահետազոտական աշխատանքներից մեկում, որի նպատակը կանանց նիհարելու հետ կապված խնդիրների ուսումնասիրությունն էր, նա կանանց համար նախատեսված սննդակարգում ներառել էր նաև կալցիում: Ճշգրիտ արդյունքներ ստանալու նպատակով փորձարարական փուլում ընդգրկվել էին հավելյալ քաշ ունեցող 60 կին, որոնց տարանջատել էին երկու ենթախմբի: Առաջինում` ցածր կալորայնությամբ սննդի հետ մեկտեղ կանայք ստացել էին օրական 1200 մգ կալցիում (2 հաբ): Երկրորդում կանանց օրական տրվել էր նույնանման, սակայն կալցիում չպարունակող հաբեր (պլացեբո): Չորս ամսվա ընթացքում կալցիում օգտագործող կանանցից յուրաքանչյուրը 6 կգ-ով նիհարել էր, իսկ երկրորդ, այսպես կոչված` հսկողական խմբի կանանցից յուրաքանչյուրի քաշը պակասել էր ընդամենը 1 կգ-ով:

Հետազոտողներն այսպես են կարծում. կալցիումի պակասը նպաստում է ախորժակի լավացմանը, ըստ որում, այն սննդամթերքների նկատմամբ, որոնք օգտագործելիս քաշն ավելանում է. ըստ երևույթին նորմայի սահմաններում կալցիում օգտագործելը կարգավորում է ախորժակը: