РУС | ENG

Նորություններ /

Ամեն օր օգտագործեք կաթնամթերք

Ամեն օր օգտագործեք կաթնամթերք

2015-05-22

Այս խմբում ներառված սննդամթերքը, ինչպիսիք են կաթնաշոռը, մածունը, պանիրը, յոգուրտը (հայերեն` յուղորդ, այսինքն` յուղի նախորդ) ցանկացած տարիքում անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն գործունեության համար: Դրանք կալցիումի հիմնական աղբյուրն են` ապահովում են ոսկորների ամրությունը, ատամների առողջությունը և մեծ նշանակություն ունեն բջիջների նյութափոխանակության գործում: Դրանք նաև օրգանիզմի բնականոն գործունեության համար անհրաժեշտ կենդանական սպիտակուցների, ճարպերի, A, B, C, D վիտամինների հիմնական մատակարարն են: Կենդանական սպիտակուցներն անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն աճի և զարգացման, իսկ ճարպերը` հորմոնների և բջջաթաղանթների սինթեզի համար: A վիտամինը նպաստում է տեսողության լավացմանը, խթանում մաշկի, եղունգների և մազերի աճը, D-ն ապահովում է ոսկրերի ամրությունը: B խմբի վիտամինները վերականգնում են նյարդային համակարգը, կարգավորում օրգանիզմում նյութափոխանակությունը, C վիտամինն օգտակար է իմունային համակարգի և անոթների համար:

Չափահաս մարդու օրգանիզմում կալցիումի պակասը օստեոպորոզ հիվանդության առաջացման պատճառ է դառնում, որը սպառնում է հատկապես նախադաշտանադադարի և դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց: Հաճախ օգտագործելով անհրաժեշտ քանակության կալցիում պարունակող սննդամթերք, հատկապես կաթնամթերք, կարելի է կանխել այս հիվանդության առաջացումը: