РУС | ENG

Առողջություն /

Մածուն

Մածուն



Մածուն, կաթնմաթերք է, որի պատմությունը ձգվում է հազարամյակներ։ Օժտված է բարձր բիոքիմիական ակտիվությամբ և պարունակում է կենդանի կաթնաթթվային մանրէներ, որոնք չեզոքացնում են օրգանիզմում առկա բացասական բակտերիաների ազդեցությունը։ Հարուստ է նաև վիտամիններով և օրգանիզմի համար օգտակար բազմաթիվ տարրերով։
Մածունի հայրենիքը համարվում է Հայկական լեռնաշխարհը[։ Մածուն բառի հիմքում ընկած է մած արմատը, որից և կազմվել են մածանել, մածնուլ բայերը` կպչել, թանձրանալ, մակարդվել իմաստներով։ Հայաստանում սննդի մեջ կաթնամթերքների, մասնավորապես` մածունի լայն գործածության մասին են վկայում հնագիտական բազմաթիվ գտածոները։ Նախնադարում մարդիկ կաթի ավելցուկը թողել են երկար ժամանակ, կաթը վերափոխվել է «թթու կաթի»՝ մածունի։ Պատահական այդ հայտնագործությունն էլ աստիճանաբար լայն կիրառություն է ձեռք բերել։
Այսօր էլ մածունի ստացման` մածուն մերելու եղանակը նույնն է, ինչ հազարամյակներ առաջ։ Եռացրած կաթի մեջ քիչ քանակությամբ թթված մածուն խառնելով՝ մակարդում են կաթը։ Շնորհիվ մանրէասպան հատկության, 5-6 օրական մածունը հրաշալի դեղամիջոց է աղեստամոքսային հիվանդությունների, թունավորումների, այրվածքների, խոցերի դեմ։
Հայտնի է, որ Կոստանդնուպոլսից հրավիրված բժիշկը մածունով է բուժել Ֆրանսիայի արքա Ֆրանցիսկ Առաջինի վաղահաս ծերությունը։ Մեր նախնիներին հայտնի է եղել նաև մածունից խնոցու մեջ հարելով կարագ ստանալը։ Հայաստանում իմացել են նաև մածունի երկարատև պահպանման միջոցները։ Ամռանը մածունը տոպրակով քամել են, լցրել կճուճների մեջ և անօդաթափանց դարձնելու նպատակով վրան ճարպ լցրել։ Պահպանման եղանակներից մեկն էլ չորթանն է, որից թանապուր են եփել։
Ավանդական հայկական մածունը բարելավում է մարսողությունը, բարձրացնում իմունիտետը։ Մածունը հանդիսանում է հայ ընտանիքի սննդակարգի անբաժանելի մասը։